«Ռուսական գրքի տուն»-ը բազմաֆունկցիոնալ հասարակական, մշակութային և կրթամշակութային կենտրոն է: Այն իր մեջ ներառում է հանրային գրադարան, գրախանութ, սրճարան: Սոցիալական, մշակութային և կրթական միջոցառումների հարթակ է։

«Ռուսական գրքի տուն»-ը բացվել է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին՝ Ռուսաստանի «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Messier group» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Մհեր Ավետիսյանի ջանքերով։

«Ռուսական գրքի տուն» կենտրոնի ստեղծման գործում մեծ ավանդ ունեն նաև Ռուսաստանում գործող «Վեչե» հրատարակչութունը, Ռուսաստանի գրահրատարակիչների միավորումը, Հայաստանի և Ռուսաստանի մի շարք պետական ու հասարակական կազմակերպություններ։

Երևանի «Ռուսական գրքի տուն»-ը արտասահմանում գործող միակ կենտրոնն է, որն ունի Սանկտ-Պետերբուրգի Բ․ Ելցինի անվան Նախագահական գրադարանի ավելի քան 200 000 տարբեր բնույթի արխիվային նյութերից անժամկետ օգտվելու հնարավորություն:

Ստեղծման օրից «Ռուսական գրքի տուն»-ը դարձել է հայկական և ռուսական մշակույթների միավորման կենտրոն: Երկրների, որոնք կապված են բազմադարյա պատմությամբ: Հոգևոր արժեքների ընդհանրության, ավանդույթների և բարեկամության վրա հիմնված սերտ եղբայրական հարաբերություններով։

«Ռուսական գրքի տուն»-ը մշակութային եզակի հարթակ է, որը միավորում է տարբեր սերունդների, մշակույթների ու աշխարհահայացների տեր մարդկանց։ Այստեղ բոլորը կարող են ստեղծագործական միջավայրում ծանոթանալ ռուսական և արտասահմանյան գեղարվեստական, վավերագրական, պատմական, կենսագրական, ռազմական, փիլիսոփայական, աշխարհագրական, մանկական գրականության հետ։ Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ արվեստի և գրականության գործիչների հետ, Հայաստանի ու Ռուսաստանի մշակույթին ու գեղարվեստին նվիրված ցուցահանդեսներ։

Իր գործունեության ընթացքում «Ռուսական գրքի տուն»-ը ակտիվ կերպով իրագործում է բազմաթիվ գիտակրթական, մշակութային, լուսավորչական ծրագրեր, մրցույթներ, նախագծեր։

Ընդամենը մեկ տարվա մեջ այն դարձավ սիրելի վայր, ռուսերենը, ռուսական գիրքն ու մշակույթը սիրող՝ երևանցիների և հյուրերի համար։ Սա սովորական գրադարան կամ գրախանութ չէ՝ այստեղ միշտ տիրում է բարյացակամության, հարգանքի, բարեկամության յուրահատուկ մթնոլորտ։

«Ռուսական գրքի տուն»-ը միշտ ուրախ է Ձեզ տեսնել։

Մեր գործընկերները